Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկվել են․ գրասենյակը խոսում է «սադիզմի» մասին, ՀԷՑ-ը ներկայացնում է իր վարկածը
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը մարտի 15-ին հոսանքազրկվել են։
Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը հայտարարում է, որ հոսանքի անջատումը տեղի է ունեցել ժամը 13։00-ի սահմաններում, խափանվել է նաև ջրամատակարարումը։
Ավագյանի տարածած հայտարարության համաձայն՝ նախագահի թիկնազորի բազմաթիվ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են, որ հոսանքը կմիանա մեկ ժամից, սակայն, ըստ հայտարարության, ժամեր անց էլ իրավիճակը չի փոխվել։ Գրասենյակը նաև նշել է, որ առանձնատան շրջակայքում գտնվող այլ տներն ու շինությունները այդ ընթացքում ապահովված են եղել էլեկտրամատակարարմամբ։
«Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում», – նշվում է Ավագյանի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ՀԷՑ–ը հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ հոսանքազրկումը պայմանավորված է տեխնիկական խափանմամբ։
Ընկերության հաղորդմամբ՝ մարտի 15-ին, ժամը 13։05-ին Երևանի հիդրոէլեկտրակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջը անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։
«Անջատման պատճառ է հանդիսացել այն, որ «Յուվենթուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը, առանց «ՀԷՑ» ՓԲԸ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման, ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը», – նշվում է ՀԷՑ–ի պարզաբանման մեջ։
Ընկերության տվյալներով՝ հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման:
«Այդ պահից հոսանքազրկվել է տվյալ ենթակայանից սնուցվող 6 հասցե (բաժանորդ), այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը», – նշվում է ՀԷՑ–ի հայտարարության մեջ։
Ընկերության հաղորդմամբ՝ վթարի տեղորոշման և վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ամբողջ գիշեր։ Վերանորոգումն ավարտվել է մարտի 16-ի առավոտյան, սակայն մեկուսացման խնդիրների պատճառով որոշ սարքավորումներ կրկին շարքից դուրս են եկել, և ներկայում իրականացվում են սարքավորումների չորացման ու մեկուսացման դիմադրության բարձրացման աշխատանքներ։
ՀԷՑ-ը նշել է, որ մոտ ժամանակում բոլոր վեց ուղղություններով էլեկտրամատակարարումը կվերականգնվի և բաժանորդներից հայցել է ներողամտություն պատճառված անհարմարությունների համար։

