ԿԸՀ նախագահը գոհ է խորհրդարանական ընտրություններում տեխնիկական միջոցների աշխատանքից

03.04.2017, 16:37
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը գոհ է ներկայիս ընտրությունների ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների աշխատանքից:
ԿԸՀ նախագահը գոհ է խորհրդարանական ընտրություններում տեխնիկական միջոցների աշխատանքից
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը գոհ է ներկայիս ընտրությունների ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների աշխատանքից:

«Ոչ մի խնդիր չեմ տեսնում և կարծում եմ, որ տեխնիկական միջոցները լիովին կատարել են իրենց առջև դրված խնդիրները», - երկուշաբթի լրագրողներին ասաց Մուկուչյանը:

Նա նաև մեկնաբանեց ընտրության ընթացքում գրանցված տեխնիկական անսարքություները: «Ինչ վերաբերում է թերություններին... Բնականաբար, եթե մի քանի ժամ անընդմեջ աշխատում է չորս հազար տեխնիկական սարք, կարող են գրանցվել որոշ անսարքություններ», - նշեց ԿԸՀ նախագահը:

Տեխնիկական անսարքություններ էին գրանցվել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավարներից ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահի` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ղեկավար Լրոն Տեր-Պետրոսյանի քվեարկության ժամանակ: Նույնականացնող սարքը միանգամից չի ճանաչել նրանց մատնահետքերը:

Բացի այդ, մի շարք տեղական դիտորդական առաքելություններ հայտարարել են, որ ընտրությունների օրը` օրվա առաջին կեսին, ընտրատեղամասերի մեծ մասում չէին աշխատում տեսահեռարձակման տեսախցիկները:

Ինչպես երկուշաբթի ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քվեարկության նախնական տվյալների համաձայն, իշխող ՀՀԿ–ն հավաքում է ձայների 49,12 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը` 27, 32 տոկոսը, «Ելք» դաշինքը` 7,77 տոկոսը, ՀՅԴ–ն` 6,57 տոկոսը։

Խորհրդարան անցնելու համար սահմանված է շեմ, որը կուսակցությունների համար կազմում է 5 տոկոս, դաշինքների համար` 7 տոկոս։

Միաժամանակ, «Հայկական վերածնունդը» հավաքում է ձայների 3,71 տոկոսը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը` 2,07 տոկոսը, «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքը` 1,65 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը`0,94 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 0,75 տոկոսը։ Վերջիններս չեն հաղթահարել անցողիկ շեմը: -0-