Կապանում հակառակորդի լքած հենակետերում հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է ՀՀ ԶՈՒ ջանքերով

29.10.2016, 13:16
Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում  լքված զինամթերք է հայտնաբերվել հոկտեմբերի 18-ին:
Կապանում հակառակորդի լքած հենակետերում հայտնաբերված զինամթերքը  ոչնչացվել է ՀՀ ԶՈՒ ջանքերով

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում լքված զինամթերք է հայտնաբերվել հոկտեմբերի 18-ին, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշված տարածքում հայկական զինված ուժերի ինժերենական ծառայության ջանքերով և Հումանիտար ականազերծման կենտրոնի փորձագիտական աջակցության շնորհիվ իրականացված հետազոտության արդյունքում դեռևս 90-ականների մարտական գործողություններից հետո հակառակորդի լքած հենակետերում հայտնաբերվել է, մասնավորապես, զինամթերքի 2 կուտակատեղի` 44 միավոր 82 մմ, 12 միավոր 120 մմ ականանետի ականներ և 1 միավոր 100 մմ հրետանային չպայթեցված արկ:

 - рис.1

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հայտնաբերված զինամթերքը հոկտեմբերի 27-ին ոչնչացվել են էլեկտրական ճայթիչ հրապատիճի կիրառման մեթոդով: Լքված զինամթերքի նոր խմբաքանակի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են:

 - рис.2

Հաղորդվում է, որ զինամթերքի հայտնաբերման վայրը նշված համայնքների բնակիչների կողմից օգտագործվում է որպես խոտհարք և արոտավայր, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը կոչ է անում համայնքների բնակիչներին մուտք չգործել վտանգավոր տարածքներ:

 - рис.3

«Լքված զինամթերքի հայտնաբերումը վառ ապացույցն է այն բանի, որ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հակառակորդի մարտկոցները այս դիրքերից ականակոծել են Եղվարդ և Ուժանիս համայնքային կենտրոնները: Եվ, ըստ ամենայնի, մեր հրետանու նշանակետային գնդակոծման հետևանքով հակառակորդը խուճապահար լքել է դիրքերը, թողնելով զինամթերքը և արդեն կրակի պատրաստ արկերը»,- նշվում է հաղորդագրությունում: -0-