Կանադայի վարչապետը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը

24.04.2017, 18:31
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը:
Կանադայի վարչապետը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը, հայտնում է armenianweekly.com–ը։

«Այս տարի մենք նշում ենք հայ բնակչության` ավելի քան 100–ամյա վաղեմության ողբերգական կորուստների օրը։ 2015 թվականին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց, որն ապրիլի 24–ը հայտարարեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,– ասվում է Տրյուդոյի հայատարարությունում։

Վարչապետը նշել է, որ այդ օրը նա հարգանքի տուրք է մատուցում նաև նրանց հետնորդներին, որոնցից շատերն այժմ բնակվում են Կանադայում։

«Կանադացիները, անկախ իրենց դավանանքից կամ էթնիկ պատկանելիությունից, կրկին հայտարարում են, որ երբեք անտարբեր չեն եղել ատելության կամ բռնության ցանկացած դրսևորման նկատմամբ»,– նշել է Տրյուդոն։

Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-