Հունիսի 23-ը կսահմանվի որպես Հանրային ծառայողի օր. հանձնաժողովը հաստատել է նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր նշելու օրենքի նախագծին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը, նշել է նախագծի իրականացման նպատակը։
«Այս նախաձեռնությամբ մենք ուզում ենք ոչ թե առկա ծառայությունները մատնանշող և կարևորող տոն օրերի շարքում ավելացնել ևս մեկ ծառայության օր, այլ ձգտում ենք, որպեսզի մենք հանրային ծառայության տարբեր տեսակների, մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով սահմանել դրանց ընդհանուր առաքելությունն ամփոփող ևս մի օր»,-այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Քալաշյանը։
Նրա խոսքով, քանի որ հանրային ծառայողն ինչպիսի գործառույթ էլ իրականացնի, դրա նպատակը մեկն է՝ պետական կառավարման արդյունավետությունն ապահովումը և հանրային շահի սպասարկումը։
«Պիտի ասեմ, որ այս օրը մենք պատահաբար չենք ընտրել, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հունիսի 23-ը դեռևս 2002թ.-ին սահմանվել է որպես հանրային ծառայողի օր, և ՄԱԿ-ի կողմից հորդորվել է անդամ երկրներին, որ կարևորեն հանրային ծառայողի դերակատարությունը պետական կառավարման , հանրային շահի սպասարկման և մյուս բոլոր առաքելություններում, որն ունի հանրային ծառայողը»,-պարզաբանել է նա։
Օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ 6 կողմ և 3 ձեռնպահ ձայներով:

