ՀՀ–ում մեկնարկել են ԱԺ ընտրությունները․ բացվել են երկրում գործող բոլոր 2005 ընտրատեղամասերը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում մեկնարկել են 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Տեղական ժամանակով ժամը 08:00-ից հանրապետության ողջ տարածքում բացվել է 2005 ընտրատեղամաս։
ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 միլիոն 505 հազար 102 մարդ։
Օրենսդրության համաձայն՝ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարողանա քվեարկել ընտրություններում (բացառություն են կազմում օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն ու աշխատակիցները, օտարերկրյա պետություններում երկարատև գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները):
Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Կուսակցությունների թվում են․
- Ռեֆորմիստների կուսակցություն
- «Բոլորին դեմ եմ» կուսակցություն
- Հայաստանի շնորհապետական կուսակցություն
- «Նոր ուժ» կուսակցություն
- «Միասնության թևեր» կուսակցություն
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
- «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
- Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
- «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ)
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Հանուն Հանրապետության» կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Մասնակցում է նաև երկու դաշինք՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը։
Ձայների հաշվարկի գրաֆիկը և ԿԸՀ գործողությունները․ հունիսի 7
- Ժամը 09:00-ից ԿԸՀ-ն կսկսի տվյալներ հրապարակել քվեարկության ընթացքի մասին։
- Ժամը 12:00-ից մինչև 21:00-ն ԿԸՀ-ն երեք ժամյա պարբերականությամբ կհրապարակի տեղեկատվություն մասնակցության և քվեարկության ընթացքի վերաբերյալ՝ նախորդ ժամվա դրությամբ։
Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով ժամը 20:00-ին, որից հետո ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը։
Քվեարկության ողջ ժամանակահատվածում ԿԸՀ-ն, Գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարբերաբար ընթացիկ տեղեկատվություն կներկայացնեն ստացվող խախտումների վերաբերյալ ահազանգերի, բողոքների ու դիմումների, ԶԼՄ-ների հրապարակումների և դրանց հիման վրա իրականացվող քննությունների մասին։ Քվեարկության օրը աշխատանքային է նաև հանրապետության դատարանների համար։
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ն հավատարմագրել է մի շարք միջազգային կազմակերպությունների, որոնց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ԱՊՀ ՄԽՎ-ն, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։
Հունիսի 8-ին ժամը 00:00-ից ԿԸՀ-ն կսկսի հրապարակել ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն՝ ըստ ընտրատեղամասերի։
Հունիսի 8–ին մինչև 20:00-ն ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության նախնական արդյունքները և դրանք պաշտոնապես կհրապարակի Հայաստանի հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

