ՀՀ–ում մայիսի 3–5-ը թռիչքների սահմանափակումներ են լինելու. ու՞մ են դրանք վերաբերում

16.04.2026, 10:03
Քաղավիացիան պարզաբանել է մայիսի 3–5–ը ՀՀ օդային տարածքում ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացման մասին տեղեկությունները։
ՀՀ–ում մայիսի 3–5-ը թռիչքների սահմանափակումներ են լինելու. ու՞մ են դրանք վերաբերում

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է, որ 2026 թ.-ի մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը։

Ըստ կոմիտեի տրամադրած տեղեկատվության, արգելվում են մասնավորապես․

• ոչ առևտրային գործարարական թռիչքները,

• ուսումնական թռիչքները,

• անձնական թռիչքները,

• գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները,

• անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները

«Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է ՄԻԱՅՆ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։