Հայաստանն ու Հունաստանը պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը

06.05.2025, 15:43
Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ
Հայաստանն ու Հունաստանը պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: 

Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: