Հայաստանն առանց վիզայի ռեժիմ է սահմանում Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար

22.05.2025, 13:33
Կառավարությունը որոշել է հանել Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար
Հայաստանն առանց վիզայի ռեժիմ է սահմանում Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է կայացրել, ըստ որի հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար:

«Այս փոփոխությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով: Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք և՛ մարդկանց այցելությունը մեր երկիր, և՛ մեր քաղաքացիների հետ շփումը, նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը»,–ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոբյանն իր հերթին կարևորեց այս նախագիծը։

«Այս նախագծով ակնկալում են զբոսաշրջային հոսքերի էական ավելացում: Գործարար միջավայրը ևս ողջունում է այս փոփոխությունը: Հույս ունենք, որ այս որոշմանը կհաջորդի ուղիղ չվերթնրի ավելացման հնարավորությունը», – ասաց Պապիկյանը։ 

Արտաքին գործերի նախարարության կողմից մշակված որոշման նախագծի հիմնավորման մեծ նշվում է, որ այս ամենով հաշվի են առնվում ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ակտիվացման և զբոսաշրջության խթանման ռազմավարական նպատակները։ 

«Ներկայումս ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Շենգենյան համաձայնագրի պետությունների, ԱՄԷ-ի, Կատարի և Քուվեյթի քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ։ Այս համատեքստում վիզային ռեժիմի ազատականացումը կնպաստի նաև Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության բարձրացմանը՝ խրախուսելով այս խմբի երկրներից ավելի մեծ թվով ներդրողների, ձեռնարկատերերի և գործարար շրջանակների այցելությունները», - նշվում է փաստաթղթում։