Փաշինյան. Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա (ՖՈՏՈ)

28.05.2018, 15:18
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ընդունեց Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զորահանդեսը:
Փաշինյան. Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ընդունեց Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զորահանդեսը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Հայաստանի և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը:

 - рис.1

«Ուղիղ 100 տարի առաջ այս օրն աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ: Առաջին անգամ հայոց պատմության մեջ ստեղծվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում էր ժողովրդին և քաղաքացիներին: Հենց այդ պատճառով էլ այն կոչվեց Հայաստանի Հանրապետություն: Առաջին անգամ պատմության մեջ հայը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի»,- ասաց Փաշինյանը:

 - рис.2

Նրա խոսքով, այդ կարգավիճակը հայ ժողովուրդը նվաճել է արյամբ և քրտինքով` փառապանծ հաղթանակներ տանելով Սարդարապատում և Բաշ-Ապարանում: Հաղթանակները պսակվեցին Առաջին Հանրապետության ստեղծմամբ:

 - рис.3

«Ինչպե՞ս կարողացավ ցեղասպանություն վերապրած ժողովուրդը հաղթել թուրքական բանակին: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ Արամ Մանուկյանի պես հավատարիմ առաջնորդ, ով պատրաստ էր մեռնել հանուն ժողովրդի: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ այնպիսի զորահրամանատարներ, ինչպես Թոմաս Նազարբեկյանը, Դրոն, Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը և այլք: Հաղթեց, որովհետև որոշեց հաղթել: Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, երբ հավատացել է հաղթանակին ու ինքնիրեն: Դա մեր ժողովրդի հաղթանակի բանաձևն է»,- ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց հիշել, որ հաղթանակը հնարավոր է միայն Հայրենիքի նկատմամբ անսահման սիրո, նրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի, հարգանքով և միմյանց նկատմամբ համբերության դեպքում:

 - рис.4

Փաշինյանը նշեց նաև, որ այժմ` թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, որն անհնարին էր թվում, Հայաստանը շրջեց պատմության փառահեղ էջ, երբ երկրում հաստատվեց ժողովրդի իշխանությունը: Եվ ոչ ոք չի կարող այն շրջել:

«Կեցցե Հայաստանի հաղթանակների մայիսը»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանն այսօր տոնում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին: Այն ժողովրդավարական, խորհրդարանական մոդելի հանրապետություն էր, որը ստեղծվել է Ռուսական կայսրության փլուզման արդյունքում՝ Անդրկովկասյան սեյմի կազմալուծումից հետո: Հռչակման պահին Հանրապետության տարածքը 12 հազար քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար, 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հազար քառ. կմ. և 961,7 հազար մարդ: Մայրաքաղաքը Երևանն էր: -0-