Գործարար Սամվել Կարապետյանն ունի հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ. պաշտպան

13.01.2026, 17:30
Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում անցել է բժշկական հետազոտություն, ասել է նրա փաստաբան՝ Արամ Վարդևանյանը
Գործարար Սամվել Կարապետյանն ունի հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, գտնվելով տնային կալանքի տակ, անցել է բժշկական հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ նա ունի հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքով՝ հիվանդությունը ունեցել է երկու ամսվա վաղեմություն, սակայն մինչ այդ Կարապետյանը շուրջ յոթ ամիս բժշկական հետազոտություն չի անցել։

«Սա նշանակում է, որ նա այդ վիճակով գտնվել է քրեակատարողական հիմնարկում, և հիվանդությունը չի ախտորոշվել։ Կարապետյանից այս կապակցությամբ որևէ բողոք չի ստացվել, իսկ պատասխանատու պաշտոնյաները վստահեցրել են, որ նա առողջական խնդիրներ չունի»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ տեղի ունեցածը մոտ է հանցավոր անգործության։

2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նախնական կալանքը փոխվեց տնային կալանքի՝ գրավի դիմաց և հրապարակային ելույթների արգելքով։ 2026 թվականի հունվարի 5-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոքարկեց նրա նախնական կալանքը փոխելու որոշումը։

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին

Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվում հունիսի 18-ից. նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեջ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կարապետյանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ միշտ եղել է Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, և եթե քաղաքական գործիչները հաջողության չհասնեն, ապա «մենք պատրաստ ենք մեր ձևով մասնակցել այդ ամենին»: Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց նաև տնտեսական բնույթի հանցագործություններ կատարելու համար (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափում և փողերի լվացում): Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքների բոլոր դրվագները։