Գինեգործների շքերթ և մինչև 1200 ապրանքանիշ. Երևանում կանցկացվի 10-րդ «Yerevan Wine Days»-ը

25.05.2026, 15:55
«Երևանի գինու օրեր» 10-րդ հոբելյանական փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 5-ին, 6-ին և 7-ին՝ Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում
Գինեգործների շքերթ և մինչև 1200 ապրանքանիշ. Երևանում կանցկացվի 10-րդ «Yerevan Wine Days»-ը

ԵՐԵՎԱՎՆ, 25 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Երևանի գինու օրեր» (Yerevan Wine Days) 10-րդ հոբելյանական փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 5-ին, 6-ին և 7-ին՝ Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում։

«Փառատոնը դարձել է ճանաչելի. դրան մասնակցելու համար Հայաստան են ժամանում զբոսաշրջիկներ Սկանդինավիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և շատ այլ երկրներից»,— ասաց «EventToura»-ի համահիմնադիր և փառատոնի կազմակերպիչ Նունե Մանուկյանը։

Նա նշեց, որ փառատոնն ամեն տարի անցկացվում է ֆիքսված օրերի՝ հունիսի առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի։

«Այնպես ստացվեց, որ այս տարի փառատոնի օրերից մեկը համընկավ խորհրդարանական ընտրությունների հետ։ Քանի որ այդ ամսաթվերը նախապես ֆիքսվում են տուրօպերատորների և զբոսաշրջիկների կողմից, փառատոնը տեղափոխելն անհնար էր։ Բայց մենք բոլորին կոչ ենք անում հունիսի 7-ին կատարել իրենց քաղաքացիական պարտքը և միայն դրանից հետո մասնակցել փառատոնին»,— ասաց Մանուկյանը։

«EventToura»-ի համահիմնադիր և փառատոնի կազմակերպիչ Մերի Բադալյանը հայտնեց, որ այս տարի առաջին անգամ տեղի կունենա գինեգործների շքերթ։ Դրան կմասնակցեն շուրջ 100 արտադրողներ, որոնց արտադրանքը ներկայացված կլինի «Երևանի գինու օրեր»-ին։ Շքերթը կմեկնարկի հունիսի 5-ին, ժամը 18:30-ին, Թումանյան փողոցից։

«Փառատոնը բացահայտում է Հայաստանի ներուժը՝ որպես գինեգործության օրրան։ Երեք օր շարունակ Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում անցկացվելու են համտեսներ, workshop–եր, վարպետության դասեր, բիզնես հանդիպումներ, ֆոտոշարքեր տարազներով, ինչպես նաև փողային նվագախմբի ելույթներ։ Ընդհանուր առմամբ, փառատոնում ներկայացված կլինի գինու 1000–1200 ապրանքանիշ», – ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ անցյալ տարի երեք օրվա ընթացքում փառատոնի 250 գործընկերները վաճառել են 2,5 մլն դոլարի արտադրանք, իսկ վճարված հարկերի ծավալը կազմել է 220 մլն դրամ։

«Ամեն տարի փառատոնը Հայաստան է ներգրավում 20–25 հազար զբոսաշրջիկ, որոնք մեկ ուղևորության ընթացքում միջինը ծախսում են 1000-ից մինչև 1500 դոլար»,— ասաց Բադալյանը։

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ նա հայտնեց, որ 10 տարվա ընթացքում փառատոնը զգալիորեն ընդլայնվել է և այժմ ավելի մեծ տարածք է պահանջում։ 2027 թվականին կազմակերպիչները մտադիր են դիմել քաղաքապետարան՝ խնդրելով դիտարկել «Երևանի գինու օրեր»-ը Հանրապետության հրապարակում անցկացնելու հնարավորությունը։

«Սա թույլ կտա կազմակերպել EXPO-գոտի, ընդլայնել հնարավորությունները B2B ձևաչափի համար և մեծացնել փառատոնի մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտը» – ասաց Բադալյանը։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Գոշ Սարգսյանը նշեց, որ «Երևանի գինու օրեր»-ն արդեն դարձել է ուրույն այցեքարտ և Երևանի մշակույթի մի մասը։