Freedom House. Հայաստանում գործում է բռնապետական իշխանություն և օլիգարխների շահերից բխող քաղաքականություն

05.08.2016, 18:27
Freedom House միջազգային կազմակերպության փոևձագետները փորձել են վերլուծել Երևանում հուլիսի 17-31–ը ՊՊԾ գնդի գրավման պատճառներն ու հնարավոր հետևանքները:
Freedom House. Հայաստանում գործում է բռնապետական իշխանություն և օլիգարխների շահերից բխող քաղաքականություն
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Freedom House միջազգային կազմակերպության փոևձագետները փորձել են վերլուծել Երևանում հուլիսի 17-31–ը ՊՊԾ գնդի գրավման պատճառներն ու հնարավոր հետևանքները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

«Իշխանությունը, որը սահմանափակվեց միայն զինյալներին ահաբեկիչ որակելով ու նրանց աջակիցներին ճնշելով, այդպես էլ չըմբռնեց ոչ այնքան հաճելի իրականությունը, որ Հայաստանի հասարակությունը սատարում է զինյալների խորքային պահանջների ու բողոքների մեծ մասը»,– ասվում է հոդվածում։ Կազմակերպության փորձագետներն ընդգծում են, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանում բռնապետական իշխանություն է տիրում, որն առաջնորդվում է օլիգարխների շահերից բխող քաղաքականությամբ։

Անդրադառնալով այս միջադեպի հիմքում ընկած պատճառներին՝ «Ֆրիդոմ Հաուզ»-ի հոդվածը նշում է, որ 2008 թվականին իշխանության գալով՝ Սերժ Սարգսյանը ժառանգեց օլիգարխների աջակցությունը վայելող մի համակարգ, որի պայմաններում նրանք, ըստ էության, վերահսկում են տնտեսության ցանկացած բնագավառ:

«Նրա իշխանավարումը մեկնարկեց առավել բռնապետական միջավայրում՝ այդ տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո սկսված զանգվածային ցույցերի ու մարտի 1-ի 10 սպանություններից հետո: Թեև 2013 թվականի ընտրություններն այդօրինակ բռնությունների չհանգեցրին, սակայն, լուրջ ընտրախախտումներն ու կոռուպցիայի վերաբերյալ համատարած բողոքներն էլ ավելի հիասթափեցրին հասարակությանը»,– գրում են հոդվածի հեղինակները։

Նրանք նշում են, որ վերջին տարիներին երկրում արձանագրվեց քաղաքացիական ակտիվիզմի աննախադեպ մակարդակ, ու թեև հանրահավաքներից ու նստացույցերից որևէ մեկը բռնություն չէր քարոզում, և մասնակիցներից քչերն էին իշխանական համակարգի էական փոփոխության կոչ անում, վարչակազմը դրանց էլ արձագանքեց մեծաթիվ ոստիկաններ կուտակելով ու ցուցարարներին կոպտորեն ցրելով:

«Իշխանությունների այս բռնությունները, ինչպես նաև ցուցարարների պահանջներն անտեսելու նրանց քաղաքականությունն է ստիպել շատերին՝ կորցնել հույսը, թե հնարավոր է ի վերջո արդարադատության հասնել և օրինական ու ժողովրդավար միջոցներով պաշտոնյաներին պատասխանատվության կանչել»,– ասվում է հոդվածում։

Հրապարակման հեղինակները նշում են, որ Երևանում Ոստիկանության ՊՊԾ գնդի երկշաբաթյա զավթումը, որն ավարտվեց հուլիսի 31–ին, արժանացել է հասարակության անսպասելի աջակցությանը, քանի որ առաջադրել է Հայաստանի ապագա կայունության հարցեր։

«Զինված խմբի կողմից զենքերը վայր դնելու որոշումը կարող է ի վերջո ավելացնել հասարակության համակրանքը «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ, հաշվի առնելով, որ զինյալներն այժմ գտնվում են Հայաստանի՝ դաժանությամբ հայտնի արդարադատության համակարգի ձեռքում»,– նշվում է հոդվածում։

Հուլիսի 31–ին «Սասնա ծռեր» զինված խումբը վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին։ Այդ ժամանակահատվածում զոհվել են ոստիկանության երկու աշխատակիցներ, խմբի անդամների և իրավապահների շրջանում կան վիրավորներ։ -0-