Եթե բարդություններ չլինեն` զինվորի տեսողությունը կվերականգնվի. ակնաբույժ

19.06.2017, 16:15
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։
Եթե բարդություններ չլինեն` զինվորի տեսողությունը կվերականգնվի. ակնաբույժ
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։

Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, մասնագետները դրական են համարում, որ 33-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։

Հաղորդման մեջ նշվում է, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։

Загружается новость ... "Право"

Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։

ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ, վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։

«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,-հերթական զննումը կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը:

«Հետվիրահատական շրջանը ևս հարթ է անցնում։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հունիսի 16-ին ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հունիսի 17–ին ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, ինչի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 20-ամյա Նարեկ Տիգրանի Գասպարյանը:–0–