Երևանում հայտնի սուպերմարկետին պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Կասեցվել է «ՍԻԹԻ» ՍՊԸ-ԻՆ պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։
Ինչպես հայտնում է ՍԱՏՄ-ն, Երևանում գործունեություն իրականացնող «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու վտանգը,
- պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել,
- առաստաղը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ։
«ԱՌԿԱ» գործակալությունը մեկնաբանություն ստանալու նպատակով հարցում է ուղարկել «Սիթի» ՍՊԸ-ին։

