Եկեղեցու կողքին եմ, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլցանցի վրա էլ․ Սամվել Կարապետյան

18.06.2025, 10:59
Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն
Եկեղեցու կողքին եմ, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլցանցի վրա էլ․ Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։ 

Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։ 

«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։ 

Նշենք, որ հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։ 

Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը։