Դիլիջանի թունելի անմիջապես կողքը նոր թունել կկառուցվի. ՏԿԵ նախարար

09.06.2025, 16:12
Այս պահին աշխատում ենք Դիլիջանի թունելի անմիջապես կողքը նոր թունելի կառուցման նախագծի վրա, ասել է նախարարը
Դիլիջանի թունելի անմիջապես կողքը նոր թունել կկառուցվի. ՏԿԵ նախարար
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այս պահին արդեն որոշում ունենք. Դիլիջանի թունելի անմիջապես կողքը նոր թունելի կառուցման նախագծի վրա ենք այս պահին աշխատում:

Այդ մասին Ազգային ժողովում 2024թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում է «Առաջին լրատվականը»։

Նրա խոսքով, առաջիկայում ավելի կոնկրետություն կունենան, թե որ հատվածով կանցնի թունելը, բայց այդ մասով վերջնական որոշում կա։

«Դիլիջանի թունելի մասով երկու տարբերակ ենք քննարկել: Առաջին տարբերակը, որ պիտի վերանորոգեինք, հիմնանորոգեինք թունելը, որովհետև թունելը իսկապես նորոգման կարիք ունի: Այդ դեպքում դրան գումարվում էր նաև Սեմյոնովկայով անցնող ճանապարհը միջպետական ստանդարտների բերելը, ինչը լրացուցիչ ծախս է ենթադրում պետական բյուջեի համար», – ավելացրել է նա։

Նրա խոքով, դա էլ իր հերթին կարճաժամկետ էր լինելու։

«Հասկանալի է, որ թունելը շահագործման հանձնելուց հետո մենք այդ ստանդարտներին համապատասխանող այդպիսի ճանապարհի կարիք, մեծ հաշվով, էլ չէինք ունենալու, որովհետև ինչպես հիմա, այդպես էլ թունելի շահագործման հանձնելուց հետո հիմնական երթևեկությունը դեպի Տավուշի մարզ անցնելու էր թունելով։ Այս երկուսի պարագայում, այսինքն՝ «թունելի հիմնանորոգում + Սեմյոնովկայի ճանապարհը միջպետական ստանդարտներին բերելը», նույն ֆինանսական հետևանքներն էին առաջացնելու բյուջեի համար, ինչ նոր թունելի կառուցումը», – պարզաբանել է նախարարը։

Նա նաև հայտնել է, որ այս ամենին զուգահեռ թունելն ընթացիկ նորոգման կենթարկվի, որը հնարավոություն կտա երթևեկը պահպանել այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի մինչև նոր թունելի կառուցման և շահագործման հանձնելը։

«Դրանից հետո գոյություն ունեցող թունելը կմնա որպես երկրորդ թունել, այսինքն՝ վթարային իրավիճակների համար: Այս կերպ այդտեղ էլ անվտանգության մակարդակը էականորեն կբարձրանա», – ասել է ՏԿԵ նախարարը: