Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետի փեսայից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 450 մլն դրամ, անշարժ և շարժական գույքեր

07.10.2026, 12:43
Պահանջվում է Երևանի նախկին քաղաքապետի փեսայից բռնագանձել շուրջ 450 մլն դրամ
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետի փեսայից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 450 մլն դրամ, անշարժ և շարժական գույքեր

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ, հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից (Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսին) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1.    3 անշարժ գույք, որից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզում.

2.   1 տրանսպորտային միջոց.

3.   2 իրավաբանական անձում մասնակցություն.

4.    211 միլիոն 795 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

5. 236 միլիոն 633 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: