Ավտոմեքենայում լրացուցիչ ուժեղացուցիչ, բարձրախոս տեղադրելը և վարելիս այն օգտագործելը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

02.10.2025, 20:07
ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը
  Ավտոմեքենայում լրացուցիչ ուժեղացուցիչ, բարձրախոս տեղադրելը և վարելիս այն օգտագործելը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր ԱԺ-ն ընդունեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Փաստաթուղթն արգելում է տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ տեղադրել դրանից հնչող բարձր երաժշտությունն արգելելու նպատակով։

Այս օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն փաստից, որ լրացուցիչ ուժեղացուցիչներով և բարձրախոսներով հնչող բարձր երաժշտությունը, ինչպես նաև փոփոխված կամ լրացուցիչ խլացուցիչներից առաջացող աղմուկը կարող են խաթարել հասարակական կարգը, խոչընդոտել երթևեկությունը և խանգարել ձայնային ազդանշանների, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների մասին ահազանգերը լսելուն և դրանց արձագանքմանը։

«Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ խլացուցիչներ, նվագարկիչներ, լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելը կամ շարժման ընթացում դրանք օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով և ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարաքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավման և տուգանային միավորի կիրառմամբ՝ 2 միավոր»,- ասել է հիմնական զեկուցող՝ Սերգեյ Բագրատյանը։

Ավելի վաղ նախաձեռնության համահեղինակ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտարարել էր, որ ոստիկանությունը կառգրավի լրացուցիչ բարձրախոսներով կամ ազդանշանային համակարգերով հայտնաբերված տրանսպորտային միջոցները, իսկ խախտողները կենթարկվեն վարչական տուգանքների։