ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, ինչի մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր
էջում։
Դիմելով հանրային ռադիոյի աշխատակիցներին` նա, մասնավորապես, ասել է. «Հայաստանի հանրային ռադիոյի սիրելի աշխատակիցներ,
1997 թվականից սկսած, իսկ շատերի հետ դեռևս հեռուստատեսությունում աշխատանքի տարիներից, անցել ենք երկար ճանապարհ: Այդ ճանապարհին արձանագրել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ստացել ենք մրցանակներ, պարգևներ, արժանացել ենք մեր ունկնդրի ջերմ ու շնորհակալ գնահատականին, ունեցել ենք ոգևորության, երբեմն էլ հիասթափության շրջաններ»։
Նա գրել է, որ շուրջ 19 տարի մենք ապրել են մեկ ընտանիքի պես, ավելացնելով, որ միշտ էլ գալիս է պահը, երբ ամեն սկիզբ իր ավարտն է ունենում:
«Սիրելի գործընկերներ , ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին»,– գրել է Ամիրյանն իր ուղերձում` հույս հայտնելով, որ նոր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձևաչափի մեջ:
Ամիրյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին անցած ճանապարհի, բարձր պրոֆեսիոնալիզմի, Հանրային ռադիոյի ծրագրերում ներդրումներ ունենալու համար։ -0-