ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մի խումբ անձինք անօրինական կերպով ներխուժել են «Յունիգրաֆ իքս» թափառող կենդանիների վնասազերծման և ստերջացման ծառայության կլինիկայի տարածք և գողացել կլինիկայում գտնվող կենդանիներին, հայտնում է «Յունիգրաֆ իքս» ընկերության մամուլի ծառայությունը։
Միջադեպը կատարվել է նախօրեի երեկոյան 23։30–ին։
««Յունիգրաֆ իքսը» հայտնել է ոստիկանություն, որտեղից անհապաղ ոստիկանների ջոկատ է ժամանել»,– նշվում է հաղորդման մեջ։
Ընկերությունը հույս է հայտնում, որ ոստիկանությանը կհաջողվի պարզել այդ գործողությունը կատարած անձանց ինքնությունը։
Ոստիկանությունում «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին, որ կատարվում է քննություն, փաստաթղթերն ուղղվել են Քննչական կոմիտե։
Վերջին ժամանակներում Հայաստանում սրվել է թափառող շների հետ կապված իրավիճակը։ Մասնավորապես, մայրաքաղաքի բնակիչները հայտնել են, որ «Յունիգրաֆ իքս» ծառայությունը դուրս է թողնում գունավոր վզկալով իր շներին, որոնցից շատերն անառողջ տեսք ունեն։
Ինչպես հայտնեց կենդանիների պաշտպանության Dingo հասարակական կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյանը, «Յունիգրաֆ իքսը» հայտարարել է, որ կենդանիները ստերջացվել են և պատվաստվել, սակայն իրենց կազմակերպությունը բռնել է յոթ շների, որոնց մեծամասնությունը հիվանդ էր Կառեի հիվանդությամբ և էնթերիտով։
Ըստ նրա, դա վտանգում է տնային կենդանիների առողջությունը։
Մանուշակյանը նշեց, որ իրենք մեծ թվով զանգեր են ստացել Երևանի քաղաքացիներից, ովքեր պատմել են, որ փողոցներում գունավոր վզկալներով շներ են տեսել։
«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ–ն թափառող շների ստերջացումն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի պատվերով թափառող կենդանիների վնասազերծման ծրագրին համապատասխան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում