Ադրբեջանական զինված ծառայողները Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ․ Թաթոյան

06.06.2025, 14:26
Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ, հայտնել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը
Ադրբեջանական զինված ծառայողները Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ․ Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ, հայտնել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ–ն այսօր հայտնել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ 

«Պարզից էլ պարզ է, որ երկու անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող իրենք քթի տակ 2020-2022թթ. հանցավոր արարքների արդյունքում անօրինական տեղավորված ադրբեջանական զինված ուժերի համար, որոնք մեր բնակիչների կյանքն անհնարինության են վերածել», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում։ 

Նրա խոսքով, սա է «բարեկամ» ու «խաղաղասեր» Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տառապող ՀՀ անհեռատես իշխանությունները: 

«Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը, որպեսզի սահմանի բնակիչները կարողանան շնչել մի քանի տարի առաջ հային գնդակահարող, գլխատող, դիակներն անարգող ու անպատիժ մնացած ադրբեջանական զինվորականների ներկայությունից», – նշել է Թաթոյանը։