Ադրբեջանական կողմը հարձակողական գործողությունների ընթացքում օգտագործում է ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Այս միասն Faceboo-յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր:
«ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի»,- գրել է Հովհաննիսյանը:
Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ:
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։