Երևանում բերման ենթարկված ակտիվիստների թիվը հասավ 286–ի

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության 286 ակտիվիստի, որոնք այսօր վաղ առավոտից փակում էին Երևանի փողոցները` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Այսօր ավելի վաղ Ջանոյանը հայտնում էր 155 բերման ենթարկվածի մասին։
Երևանում այսօր առավոտյան վերսկսվել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները։ Ակտիվիստները և նրանց աջակցող քաղաքացիները փակում են մի շարք փողոցներ, այդ թվում` Մաշտոցի պողոտան, Աբովյան, Սարյան, Ալեք Մանուկյան փողոցները, Իսահակյան–Տերյան խաչմերուկը, Բաղրամյան պողոտան և այլ փողոցներ։
Մաշտոց–Պուշկին խաչմերուկում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցավ բախում։ Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին։