Երևանում ավարտվեց Մարտի 1–ի զոհերի հիշատակին նվիրված զանգվածային երթը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ավարտվեց Մարտի 1–ի իրադարձությունների 11–րդ տարելիցին նվիրված զանգվածային երթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավորած երթի մասնակիցները Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով քայլեցին դեպի Մյասնիկյանի արձան, ծաղկեպսակ դրեցին` 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Մարտի 1–ի զոհերի հիշատակին։
Երթին մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Երթին իրենց մասնակցությունն էին հայտնել նաև ՀԱԿ–ն ու «Հանրապետություն» կուսակցությունը։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–0–