Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի

03.07.2023, 12:31
Գնացքի մոտ 200 ուղևորներ ընկերության հաշվին ավտոբուսներով տեղափոխվել են Բաթումի
Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 1-ն Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումիի միջև, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Դրանով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթումի-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։

Հուլիսի 2-ի չվերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի մոտ 200 ուղևորներ ընկերության հաշվին ավտոբուսներով տեղափոխվել են Բաթումի։

Վրաստանի երկաթուղային ադմինիստրացիան հավաստիացնում է, որ կատարվում է հնարավորինը սողանքի հետևանքները վերացնելու և ուղևորատար փոխադրումները վերականգնելու ուղղությամբ: Երևանից Բաթումի հաջորդ չվերթը նախատեսված է հուլիսի 4-ին, ինչի վերաբերյալ ընկերությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Չի բացառվում, որ մինչ այդ ուղևորափոխադրումները վերականգնվեն։

««ՀԿԵ» ընկերությունը կկատարի իր ուղևորների առջև ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը իրենից անկախ հանգամանքների պատճառով հասցրած անհարմարությունների համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։–0–