Ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալիս, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Քյարամյան–Աղազարյան միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր անդրադարձել է վերջերս ԱԺ–ում պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտին։
«Ազգային ժողովում ուժային կառույցների լսումների օրը տեղի ունեցած քննարկումները, որոնք վերածվեցին որոշակի սուր հարցադրումների, իհարկե, հայկական մեդիա եւ պսեվդովերլուծական տիրույթում դարձան հերթական շոուն, որին ամեն մեկն իր քիմքին հարիր քաղաքական գնահատական տվեց։ Բայց որևէ առողջ, իրական վերլուծություն կարծես թե չկա։ Իսկ իրականում տեղի ունեցածը ներկա ժամանակների անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման և կադրային համակարգի առողջացման և «զոռբայության» բախումների վառ դրսեւորում էր», – ասաց Քոչարյանն ԱԺ–ում։
Նա նշեց, որ գաղտնիք չէ, որ արժեքաբանական տեսանկյունից Հայաստանում միշտ եղել են որոշակի խնդիրներ, հատկապես՝ ուժային կառույցներում, «որտեղ ուժայինները ԽՍՀՄ ժառանգած արժեքաբանությամբ, 90–ականների ծանր շրջանի դրսևորմամբ, Արցախյան առաջին պատերազմի հետևանքով որոշակի ինքնուրույնությամբ, պետության մեջ պետութուն լինելու, կամ առնվազն անձեռնմխելի բաստիոններ լինելու սկզբունքներով են ապրել։
«2018թ․–ի հեղափոխությունից հետո մենք փորձեցինք հիմք դնել ժողովդրավարությանը։ Պարզ է, որ բոլոր ոլորտներում էլ կան բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ, ովքեր «կոմֆորտ զոնաներից» դուրս չեն գալիս։ Խնդիրը կոնկրետ անձանց մեջ չէ։ Հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալիս, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում։ Խնդիրը կոնկրետ Արգիշտի Քյարամյանի հետ կապված չէ, խնդիրը Աղազարյանի հետ կապված չէ, կամ՝ անձնավորված ինչ-որ բանավեճերի ու անձնական հաշիվների», – ասաց նա։
Նրա խոսքով, խնդիրը նրանում է, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, պառլամենտալիզմի ճանապարհը, որը, սակայն, շատ փշոտ է:
«ՀՀ-ում ամենաբարձր քաղաքական պաշտոնյաներից միայն ՀՀ վարչապետն է, ով մշտապես գալիս է պառլամենտ, մասնակցում լսումներին, ընդիմությունից ու լրագրողներից լսում հաճախ ծանր հարցեր, տալիս պատասխաններ: Երբեմն լինում են քարկոծումներ ու ծանր քննադատություններ, սակայն ժողովրդավարությունը հենց դա է։ Սա է պառլամենտարիզմը, իրական ժողովրդավարությունը, և բոլոր պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն այս միջավայրում աշխատելու», – ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև միջադեպ էր եղել։
Կարդացեք նաև՝ «Այդպես որ լիներ, բոլորս պետք է դանակն առնեինք, դանակահարեինք Աղազարյանին. Քոչարյան»