Քաղաքացիները կառավարության դիմաց են. բողոքում են էլեկտրաէներգիան և գազը անջատելու դեմ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առաջ` բողոքելով էլեկտրաէներգիան և գազը անջատելու դեմ ծառայությունների դիմաց չվճարելու պատճառով։
Ցուցարարները կարծում են, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի անջատումն անմարդկային է ու անթույլատրելի։
Նրանք նշել են, որ չնայած փոքր ակցիաներն արդեն տվել են իրենց արդյունքները (մի շարք քաղաքացիների էլեկտրաէներգիան վերականգնվել է), բողոքի ակցիաները չեն դադարեցվելու, քանի որ «վաղը, հնարավոր է, անջատվի բազմաթիվ բնակիչների գազը»։
Քաղաքացիները պահանջում են իշխանություններից վերանայել իրենց որոշումներն ու աջակցել բնակչությանը։
Ոստիկանությունը ակցիայի մասնակցող շուրջ 10 մարդու նկատմամբ կազմել է արձանագրություններ վարչական իրավախախտման համար, որի տուգանքը 100 հազար դրամ է։
ՀԾԿՀ–ի որոշումը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 25–ին հայտնեց, որ ստեղծված իրավիճակը ֆորս մաժորային է ընդհուպ մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտ, ինչը խոչընդոտում է բնակչության կողմից կոմունալների վճարմանը։ Սակայն արդեն ապրիլի 22–ին հանձնաժողովը հայտարարեց, որ կոմունալների վճարների պարտավորություններին խոչընդոտող ֆորս մաժ վերացել է։ Գազի և էլեկտրաէներգիայի մատակարմամբ զբաղվող ընկերությունները նույն օրը կոչ արեցին բաժանորդներին կատարել կոմունալ վճարումներ եռօրյա ժամկետում, այլապես տրամադրվող ծառայությունները կկասեցվեն։ Այս որոշումները բողոքի ալիք բարձրացրեցին հասարակության շրջանում։
Վարչապետի պարզաբանումը
Երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չվճարված կոմունալների պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում երկրին կարող է սպառնալ էներգետիկ կոլապս։
Նրա խոսքով, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, ինչի հետևանքով հայտարարված ֆորս մաժորի պայմաններում դադարեցին վճարել ոչ միայն այն մարդիկ, ովքեր իսկապես հնարավորություն չունեն, այլև նրանք, ովքեր ունեն, ինչի հետևանքով կարող է փլուզվել երկրի էներգետիկ համակարգը։ Հենց այդ պատճառով ՀԾԿՀ–ին թույլատրվեց խստացնել դիրքորոշումը, ինչից հետո մի քանի օրվա ընթացքում ստացվեց մոտ 7 մլրդ դրամի վճար։
Նա նշեց, որ ստացված տեղեկությունների համաձայն, էլեկտրացանցերի 775 հազար բաժանորդներից անջատվել է 4,3 հազարի էներգամատակարարումը, գազային ցանցի 623 հազար բաժանորդներից` 736–ը։ Նա ընդգծեց, որ էլեկտրաէներգիայի պարտքն այս բաժանորդների մոտ գերազանցում է 30 հազար դրամը, գազի մասով` 80 հազար դրամը։–0–