Փաշինյանը հանդիպել է ԶՈւ ԳՇ հրամկազմի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Զինված ուժերի հրամկազմի հետ։
«Այսօր հանդիպում ունեցա Զինված ուժերի հրամկազմի հետ: Ելույթս կհրապարակեմ մի փոքր ավելի ուշ», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ԶՈւ ԳՇ հրամկազմի հետ, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Արտակ Դավթյանը։ Նշենք, որ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:
Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Նշենք, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին դիմել է ՍԴ, նա ուզում է վիճարկել օրենքի այն կետը, որով Փաշինյանը պաշտոնից ազատել է ԳՇ պետին։
Այսօր Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով` նշելով, որ իրեն պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է, «ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան»։ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։–0–