ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին:
Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող հարցերի շուրջ և նշել, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարևորությունը։
Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։
Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանական ռիսկերը կառավարելի են համապատասխան քայլեր ձեռնարկելու դեպքում։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը բխում է պետության շահերից։
Օգոստոսի 28–ին վարչապետը տեսակոնֆերանս է ունեցել ELARD–ի ներկայացուցիչների հետ, որի արդյունքներով, նա հայտնեց, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք ուսումնասիրման և գնահատականի կարիք ունեն։–0–