Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով

24.03.2024, 21:32
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։ 

Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ 

Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը թույլատրելիության սահմաններում կտեղեկացնի քննության արդյունքների մասին։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Երրորդ անձը, ով նռնակով մնացել է ոստիկանության շենքի մոտ, ավելի ուշ վնասազերծվել և ձերբակալվել է։–0–