Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը

21.02.2024, 11:35
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը։

ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այլ հարցերի թվում անդրադարձ է կատարվել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը։

Վարչապետը կարևորել է Ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի նախկին շենքերի արդյունավետ կառավարումը:

«Գուցե մեզ հարկավոր է նաև այսօրվանից գտնել ընկերություն, ով կտա հետագայում բուհական ֆիզիկական ենթակառուցվածքի կառավարման սխեմա, որովհետև մենք հիմա մտածում ենք, որ Երևանում ինչքան պետական բուհական շենք կա, այդ բուհական շենքերը կարող են կենտրոնացվել և կառավարվել: Այսինքն՝ վարձակալության տրվի և այլն, և ամբողջ եկամուտն ուղղի «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, այդ գույքի կառավարումը շատ լուրջ խնդիր է, և պետք է մասնագիտացված միջազգային հեղինակություն ունեցող ցուցակված ընկերություն գտնել, ով սխեմա կառաջարկի, թե ինչպես է պետք կառավարել այդ ենթակառուցվածքը։

Ակադեմիական քաղաքի նախագծի մասին

ՀՀ կառավարության ծրագրով՝ Ակադեմիական քաղաքը նախատեսված է լինելու 16 բուհերի համար՝ 8 պետական և 8 մասնավոր կամ միջազգային: Այն ունենալու է 4 կլաստեր՝ արվեստ, կրթական, տեխնոլոգիական և ռազմական։

Հիմնական տեղանքը լինելու է Երևանի 17-րդ թաղամասը։ Այնտեղից Ակադեմիական քաղաքը կձգվի քաղաքից դուրս՝ դեպի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում գտնվող ազատ տարածք, ինչպես նաև դեպի արևելք՝ Աշտարակի խճուղի։ Ակադեմիական քաղաքը նաև կզբաղեցնի «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը։

Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2025թ․–ի հոկտեմբերին, նախագծի ավարտը՝ 2029թ․–ին։

Բուհերի շենքերի ճակատագրի մասին

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները գրել էին Ակադեմիական քաղաքի գործարկումից հետո պետական բուհերի շենքերի վաճառքի պլանների մասին։ 2022թ․–ի հոկտեմբերին կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Դումանյանը հայտարարել էր, որ բուհերի շենքերը վաճառելու կամ դրանք հյուրանոցների կամ առևտրայյին կենտրոնների վերածելու նախագծեր չկան։–0–