Լուրեր են տարածվել Գյումրու ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո. ԱԺ–ում մեկնաբանել են

25.01.2022, 12:39

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ում մեկնաբանել են վերջին օրերին ԶԼՄ–ներում շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե իբր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմակայանը, հնարավոր է, դուրս բերվի Հայաստանից։

Այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով այս թեմային, հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են։ Նա նշել է, որ այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև նոր երկխոսություն է սկսվել՝ հատուկ բանագնացների միջոցով։ Այն սկսվել է վերջերս, և համապատասխան գերատեսչությունները կտեղեկացնեն իրադարձությունների զարգացման մասին։

«Նման խոսակցություններն այս պահին որևէ հիմք չունեն։ Հետևաբար, դրանք մեկնաբանության ենթակա չեն։ Նման քննարկում (Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերում) մեր իրականության մեջ չկա», – ասաց նա։

Հովհաննիսյանի գործընկեր Վահագն Հովակիմյանն իր հերթին ընդգծեց, որ ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը գործում է մինչև 2049 թվականը։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավատեսական գնահատական է տվել հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարներին` նշելով, որ տրամաբանական չէ բաց թողնել հաղորդակցվելու այս առիթն ու հնարավորությունը։ «Ամբողջ միջազգային հանրությունն օգնում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Ռուսաստանը, ԵՄ–ն, ԱՄՆ–ն, տարածաշրջանի երկրները շատ հետաքրքրված են», – կարծում է նա։–0–