Ինչպե՞ս վճարել 150 դրամ մեկ ուղետոմսի համար, ի՞նչ տարբերակներ են գործում․ քաղաքապետարանից պարզաբանում են

29.01.2025, 11:03
Ինչպես վճարել 150 դրամ մեկ ուղևորության համար․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ինչպե՞ս վճարել 150 դրամ մեկ ուղետոմսի համար, ի՞նչ տարբերակներ են գործում․ քաղաքապետարանից պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն այսօր Facebook–ում գրառում է կատարել տրանսպորտի ուղետոմսի վերաբերյալ։

Հունվարի 28–ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ փետրվարի 1-ից որոշել են ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025թ․–ի ընթացքում։ Նա նշել է, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։ Բացի այդ, մեկ ամսով կերկարաձգվեն հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները։

Ստորև ներկայացնում ենք Գալջյանի գրառումն ամբողջությամբ․

«Եթե հիմա էլ լսեք հետևյալ կեղծ քարոզչական հնարքը, թե «ձեզ նորից խաբում են, նորից պետք է 300 դրամ տաք, քանի որ տերմինալները 50 դրամ չեն ընդունում», այդ պնդումների հեղինակներին հիշեցրեք հետևյալը.

Նախ, եթե նույնիսկ տերմինալում 300 դրամ ներդնեք, ապա կստանաք երկու ուղևորատոմս, այսինքն՝ միանգամից ձեռք կբերեք նաև հետդարձի տոմսը։ Եվ եթե այսօր տրոլեյբուսից օգտվող մարդիկ, ովքեր հիմնականում մեծահասակներ են, այս ամենը կարողանում են անել, ապա մյուսները՝ հատկապես երիտասարդները, նույնպես կարող են։ 

Բացի այդ, սկսած փետրվարի 1-ից, մեկ ուղևորության արժեքը՝ 150 դրամ, կարող եք վճարել նաև հետևյալ ձևերով՝ 

1. Telcell Wallet-ով

2. 10 անգամյա փաթեթով (1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն), որը հասանելի կլինի տերմինալներում, այդ թվում՝ Telcell հավելվածում

3. Բանկային քարտերով 

Իսկ ամենակարևորը.

Եթե աշխատանքային օրերին ամեն օր առնվազն երկու անգամ երթևեկում եք և հունվար կամ փետրվար ամիսներին ձեռք բերեք 30-օրյա փաթեթը, ապա կստանաք լրացուցիչ 30 օր անվճար։ 

Այսինքն՝ եթե ամսվա ընթացքում առնվազն 44 անգամ եք երթևեկում, ապա այդ երկու ամիսների համար մեկ ուղևորության արժեքը փաստացի կկազմի 102 դրամ։

Բացի այդ, վիճակագրությունը (տես մեկնաբանությունների բաժնում) ցույց է տալիս, որ միջին օգտվողը ամսվա ընթացքում երթևեկում է ոչ թե 44, այլ 52 անգամ, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում մեկ ուղևորության միջին արժեքը կնվազի մինչև 86 դրամ։

Էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ օրական երթևեկում եք երեք կամ ավելի անգամ։ 

Այս հնարավորությունը ստեղծել ենք, որպեսզի ինքներդ փորձարկեք տոմսային համակարգի փաթեթները և առօրյա կյանքում զգաք դրանց արդյունավետությունը։

Հավելյալ մեկ ամիս կստանաք նաև 90- և 365-օրյա փաթեթներ ձեռք բերելու դեպքում։

Թելսել հավելվածով ձեռք բերելու դեպքում փաթեթները ավելի մատչելի են` 9000ը 8800, 24.000-ը 23.600 իսկ 90.000-ը 88.000 դրամ»։

Միասնական տոմսային համակարգի մասին

2025 թվականի փետրվարի 1–ից Երևանն ամբողջությամբ անցնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

Արտոնությունների մասին

2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական ​​աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):

Բոյկոտի մասին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը։

Մարությանը նախաձեռնել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ՝ կազմակերպելով ակցիա մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ և առաջարկելով քաղաքացիներին միանալ պայքարին։

Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից մտնել ավտոբուս, 100 դրամանոց կամ երկու հատ 50 կամ այլ մանրադրամ դնել վարորդի կողքի հատվածում և անցնել առաջ։