Փետրվարի 1–ից 100 դրամը դնում ենք և մտնում ավտոբուս․ Հայկ Մարությանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (ՎԻԴԵՈ)

20.01.2025, 11:49
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ցույց է տվել, թե ինչպես փետրվարի 1–ից բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը․ ՎԻԴԵՈ
Փետրվարի 1–ից 100 դրամը դնում ենք և մտնում ավտոբուս․ Հայկ Մարությանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը։

Մարությանը նախաձեռնել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ՝ կազմակերպելով ակցիա մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ և առաջարկելով քաղաքացիներին միանալ պայքարին։

«Այս օրերի ընթացքում մենք հանդիպել ենք հազարավոր մարդկանց հետ, և ժողովուրդը որոշում է կայացրել՝ փետրվարի 1–ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը։ Մեր համաքաղաքացիների հետ որոշել ենք այդ բոյկոտի ձևը։ Մտնում ենք ավտոբուս, բոլոր ավտոբուսներում այսպիսի տեղ կա (վարորդի կողքի հատվածը, խմբ․),100 դրամը դնում ենք այտեղ։ Ընդ որում դա կարող է լինել և 100 դրամանոց, և երկու հատ 50 կամ այլ մանրադրամ։ Դնում ենք և անցնում ենք առաջ։ Եթե այս ընթացքում ավտոբուսի վարորդը փորձի խոչընդոտել ձեզ կամ ինչ–որ մի բան ասի, խնդրում եմ ոչ մի դեպքում մի մտեք նրա հետ վիճաբանության մեջ։ Չէ՞ որ վարորդները նունպես մեր ժողովրդի մասնիկն են, և նրանք նույնպես այս խայտառակ որոշման քաշվածն են։ Շատ հարգալից իրեն ասեք՝ «Հարգելիս, խնդրում եմ դուք վարեք, իսկ մենք իրականացնում ենք մեր ակցիան»։ Ընդ որում ավտոբուսի վարորդները ոչ մի իրավական հիմք չունեն ձեզ խոչընդոտելու կամ ավտոբուսից հանելու», – ասել է Մարությանը՝ հրապարակելով տեսանյութ։

Միասնական տոմսային համակարգի մասին

2025 թվականի փետրվարի 1–ից Երևանն ամբողջությամբ անցնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

Արտոնությունների մասին

2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական ​​աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):