Հայկական շոու բիզնեսի մոտ 20 ներկայացուցիչ հայտարարագրել է իր եկամուտները. ՊԵԿ նախագահ

13.01.2020, 13:31
Այս տարի ևս շոու բիզնեսի ներկայացուցիչները կշարունակեն մնալ հարկային ծառայության ուշադրության կենտրոնում
Հայկական  շոու բիզնեսի մոտ 20 ներկայացուցիչ հայտարարագրել է իր եկամուտները. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայկական  շոու բիզնեսի մոտ 20 ներկայացուցիչ արդեն ներկայացրել են իրենց եկամուտների մասին հայտարարագրերը։

Այս մասին այսօր նշեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Անկեղծ ասած ես հստակ տվյալներ չունեմ, քանի որ այդ թիվն աճում է», – ասաց Անանյանը` չնշելով անուններ։

«Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները մեզ շատ են օգնում և արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկեր վճարելը», – նշեց Անանյանը` հավելելով, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն էլ մտածել, որ հարկեր վճարելն անհրաժեշտություն է, հիմա մարդիկ կան, որ հետաքրքրվում են իրենց սահմանադրական պարտավորությունների կատարումով։

ՊԵԿ նախագահը չցանկացավ նշել, թե շոու բիզնեսի որ ներկայացուցիչների նկատմամբ կան քրեական գործեր։

«Կարևորը այդ գործերը չեն, այլ այն, որ մարդկանց մոտ առաջացել է հարկեր վճարելու նկատմամբ եթե ոչ մշակույթ, ապա գոնե հետաքրքրություն»,  – նշեց Դավիթ Անանյանը: 

Նա նաև նշեց, որ այս տարի ևս շոու բիզնեսի ներկայացուցիչները կշարունակեն մնալ հարկային ծառայության ուշադրության կենտրոնում։–0–