Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ռադիոեթերի սահմանային հաճախությունների հարցով․ բանակցությունները դժվար են եղել
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել ռադիոեթերի սահմանային հաճախությունների վերաբերյալ, երկուշաբթի խորհրդարանում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Սահմանի հատվածում հաճախությունների խանգարումներ են տեղի ունենում իրար միջև: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մինչև այժմ բանակցությունները դժվար էին ստացվում, որպեսզի կարողանայինք համաձայնության գալ, թե որ շերտերն են իրենք օգտագործում, և որը՝ մենք»,- ասել է Արշակյանը։
Նա հայտնեց, որ 2019թ.-ին Ժնևում մի քանի հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռադիոեթերի սահմանային հաճախությունների հարցով և, որ մոտ 134 հաճախությունների ուղղությամբ կան պայմանավորվածություններ, և այդ հաճախություններն այժմ ազատորեն օգտագործվում են մեր կողմից։
2019թ.-ին կառավարությունը հաստատել է ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը, որն իրականացվելու է 2020-24թթ.: Սա ենթադրում է ՀՀ-ում ռադիոեթերի 24-ժամյա վերահսկողություն, որպեսզի պաշտպանվեն տեղական ռադիոեթերի հաճախությունները:-0-

