Հայաստանն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը գերիների փոխանակման գործընթացում

02.12.2020, 16:30
Հայաստանն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը գերիների փոխանակման գործընթացում, ինչպես նաև ստեղծել նոր մեխանիզմ
Հայաստանն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը գերիների փոխանակման գործընթացում
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման գործում ունեցած առանցքային դերակատարության համար:

«Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը: Փոխվարչապետը նշել է, որ այս խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն:

Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է Արցախի բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը: Նա նաև ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարևորությունը:–0–