Գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել. գլխավոր դատախազի խորհրդական

24.09.2019, 17:49
«Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն», – նշել է խորհրդականը։
Գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել. գլխավոր դատախազի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ–ների հետ կապերի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երբևէ, որևէ միջոցով մահացած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել։

Նշենք, որ այս գիշեր հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին`գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։

«Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մումուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց, այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»», – գրել է Աբրահամյանը Facebook–յան իր էջում։

Загружается новость ... "Лево"

Hayeli.am–ի հրապարակման մեջ նշվում է, որ Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին գանգատվել է, թե՝ ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն: «Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում», ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:

Աբրահամյանը նշել է, որ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ակնհայտորեն ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող:

«Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ», – նշել է Աբրահամյանը։

Նրա խոսքով, տարօրինակ և խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ «հենց կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցների կողմից է տարածվում նման ստահոդ, անբարո տեղեկատվությունը՝ նման ճղճիմ մեթոդներով փորձ կատարելով վարկաբեկելու քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին»: 

Աբրահամյանը նաև նշել է, որ հաշվի առնելով Հայկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչողություն ունեցող և կարևորագույն քրեական գործով առանցքային վկաներից մեկ լինելու հանգամանքը՝ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու նրա մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում: -0-