Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը. պարետը հրապարակել է նոր սահմանափակումները

01.04.2020, 00:43
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը. պարետը հրապարակել է նոր սահմանափակումները
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը. պարետը հրապարակել է նոր սահմանափակումները
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները, Facebook–յան իր էջում նշել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը։

Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`
  • Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը
  •  Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում
  • Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման
  • Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:
  • Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
  • Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։
Մյուս սահմանափակումների մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները, քանի որ ցանկանում ենք, որ ժամանակ ունենաք ադապտացվելու համար: Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը», – նշել է փոխվարչապետը:–0–