Բոյկոտը մնում է ուժի մեջ․ Մարությանը հայտնեց, որ չնայած իշխանությունների հետքայլին, 1 ուղետոմսի համար 100 դրամի պայքարը շարունակվում է (ՎԻԴԵՈ)

28.01.2025, 22:07
Մարությանը քիչ առաջ հայտնեց, որ մեկ ուղետոմսի համար 100 դրամի բոյկոտն ուժի մեջ է․ ՎԻԴԵՈ
Բոյկոտը մնում է ուժի մեջ․ Մարությանը հայտնեց, որ չնայած իշխանությունների հետքայլին, 1 ուղետոմսի համար 100 դրամի պայքարը շարունակվում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ հայտնեց, որ չնայած Երևանի տրանսպորտի ուղետոմսի փոփոխության մասին քաղաքային իշխանությունների հայտարարությանը, բոյկոտը շարունակվում է, որի նպատակն է, որրպեսզի մեկ ուղետոմսի գինը մնա 100 դրամ։

Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ փետրվարի 1-ից որոշել են ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025թ․–ի ընթացքում։ Նա նշել է, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։ Բացի այդ, մեկ ամսով կերկարաձգվեն հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները։

««Ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում։ Ոչ մի թիվ չունեն, ոչ մի հաշվարկ չկա նրանց որոշման տակ․ նպատակը միայն ժողովրդին թալանելն է։ Սա էլ քիչ է՝ ասում են մինչև 2025 թվականի վերջ է գործելու, հետո նորից կարող է թանկանալ։ Հիշեցնում եմ, որ ժողովրդի պահանջը մեկ ուղևորությունը 150 դրամ չէր, ժողովրդի պահանջն էր մեկ ուղևորության համար 100 դրամ։ Այս պահանջը և բոյկոտը մնում են ուժի մեջ։ Փետրվարի 1–ից միասնական բոյկոտում ենք», - ասել է Մարությանը քիչ առաջ տարածած տեսանյութում։

Միասնական տոմսային համակարգի մասին

2025 թվականի փետրվարի 1–ից Երևանն ամբողջությամբ անցնում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

Արտոնությունների մասին

2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական ​​աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):

Բոյկոտի մասին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել Երևանում տրանսպորտի թանկացումը։

Մարությանը նախաձեռնել է ստորագրահավաք տրանսպորտի թանկացման դեմ՝ կազմակերպելով ակցիա մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ և առաջարկելով քաղաքացիներին միանալ պայքարին։

Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից մտնել ավտոբուս, 100 դրամանոց կամ երկու հատ 50 կամ այլ մանրադրամ դնել վարորդի կողքի հատվածում և անցնել առաջ։