Արդշինբանկը հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի ձեռքբերման մասին

30.03.2022, 18:45
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի հետ` վերջինիս սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի փոխանցման վերաբերյալ
Արդշինբանկը հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի ձեռքբերման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հետ` վերջինիս սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի փոխանցման վերաբերյալ, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Մարտի 28-ից Արդշինբանկը կսպասարկի ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ վարկառու հաճախորդների մի մասին: Արդեն աշխատանքներ են տարվում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասն Արդշինբանկին փոխանցելու ուղղությամբ: Նոր հաճախորդներին ուղարկվում են համապատասխան անհատական հաղորդագրություններ, որոնցով ներկայացվում են իրենց վարկի նոր վարկային կոդը ու այսուհետ վարկի մարումներն Արդշինբանկում իրականացնելու մանրամասները: 

Կարևոր է նշել, որ Արդշինբանկը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ վարկառու հաճախորդների սպասարկումն իրականացնելու է նույն պայմաններով, ինչ նախկինում. պայմանագրերի գործող պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքի չափը, վարկի ժամկետը և վարկի հիմնական այլ պայմաններ մնում են անփոփոխ՝ պահպանելով իրենց իրավական ուժը: 

Ձեռք բերված համաձայնության արդյունքում կապահովվի ավելի քան 56.000 հաճախորդների բանկային սպասարկումը՝ տեղական և միջազգային կանոնների բոլոր պահանջներին համապատասխան: Արդշինբանկի առաջիկա գործողությունները նպատակաուղղված են լինելու հաճախորդների պահանջմունքների բավարարմանը և սպասարկման բոլոր միջոցներով լիարժեք և անխափան սպասարկում ապահովելուն իր հաճախորդների համար հուսալի գործընկեր լինելու հանձնառության շրջանակներում: 

Տվյալ գործարքը համահունչ է Արդշինբանկի ռազմավարությանը և ուղղված է բանկի մանրածախ բիզնեսի զարգացմանը։ 

Արդշինբանկը ամբողջական համապատասխանություն է պահպանում միջազգային որոշումներով, ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կենտրոնական բանկի, Բանկի միջազգային գործընկերների կողմից սահմանված AML, KYC ստանդարտներին, ինչպես նաև համապատասխանում է Բանկի ներքին քաղաքականությանը և չափանիշներին: 

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:-0-