Արցախում 20–ամյա զինծառայողի մահվան մեջ մեղադրվող համածառայակիցը կալանավորվել է

07.04.2020, 17:39
Զինծառայողը մեղադրվում է` մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և այդ հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար
Արցախում 20–ամյա զինծառայողի մահվան մեջ մեղադրվող համածառայակիցը կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանություն) նախատեսված հանցանքներ կատարելու համար, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ապրիլի 3–ին հայտնի էր դարձել, որ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–