Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն դրամ գրավ է կիրառվել

04.07.2024, 14:50
Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն դրամ գրավ է կիրառվել
Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն դրամ գրավ է կիրառվել

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի (Կաշառք ստանալը), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Կաշառք տալը) և 437-րդ հոդվածի 1-ին մասի (Կաշառքի միջնորդությունը) հատկանիշներով։ 

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Իրականացվող նախաքննության շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են: 

Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։ 

Ես 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննության եհտագա փուլերում, հաշվի առնելով նախաքննության շահերը, ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ 

Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: