5 հայեր 12 ժամ անցկացրել են Բաքվի օդանավակայանում (ՎԻԴԵՈ)

12.01.2018, 17:44
5 հայ, որից երկուսը ԱՄՆ քաղաքացիներ և մեկ 5–ամյա երեխա, հայտնվել են Բաքվի օդանավակայանում։
5 հայեր 12 ժամ անցկացրել են Բաքվի օդանավակայանում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հունվարի 8–ին Ուրումչի (Չինաստան) –Թբիլիսի չվերթի 5 հայ ուղևորներին տհաճ անակնկալ էր սպասվում։

Մառախուղի պատճառով օդանավի հրամանատարը որոշում է վայրէջք կատարել Բաքվում։ Օդանավի անձնակազմը հրաժարվում է լսել հայ ուղևորների բացատրությունները։

Եվ այսպես, 5 հայ, որից երկուսը ԱՄՆ քաղաքացիներ և մեկ 5–ամյա երեխա, հայտնվում են Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում, հայտնում է Armenia TV–ին։

Ինչպես նշում է միջադեպի կիզակետում հայտնված ուղևորներից մեկը` Իդա Մնացականյանը, նրա ընտանիքը 12 ժամ սթրեսի մեջ է եղել։

«Մենք բացատրեցինք իրավիճակը օդանավի անձնակազմին, նրանք տեղյակ էլ չէին, սակայն մեզ չլսեցին, ասացին, որ պետք է վայրէջք կատարենք Բաքվում», – նշել է Իդան։

Մնացականյանն ու նրա երեխան ԱՄՆ քաղաքացիներ են, ցանկացել են մնալ օդանավի մեջ, բայց հրամանատրը նրանց ստիպել է դուրս գալ։

Դրանից հետո եկել են ադրբեջանցիներ, ովքեր հայերին ուղեկցել են հատուկ գոտի։ Դրանից հետո հայերի հետ կապ է հաստատել ՀՀ արտգործնախարարությունը։

«Վրաստանում և ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունները, ինչպես նաև Երևանի տարբեր ծառայություններ կապի մեջ էին մեր քաղաքացիների հետ։ Փորձել ենք իրավիճակը պահել վերահսկողության տակ, թույլ չտալ, որպեսզի մեր քաղաքացիների հետ որևէ միջադեպ գրանցվի», – նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Ամբողջ գիշեր մնացել ենք օդանավակայանում, միայնակ, ընդհանրապես մարդ չկար, աշխատակիցներն էին ու մենք։ Չինական ավիաուղիներից մեզ ոչ ոք չի մոտեցել մինչև առավոտ», – ասել է Մնացականյանը։

Այդ ողջ ընթացքում հայերն անդադար կապի մեջ են եղել Հայաստանի համապատասխան ծառայությունների հետ։

Իդա Մնացականյանի ընտանիքը որոշել է դատի տալ չինական ավիաուղիներին նրանց նկատմամբ անտարբերության և մտահոգություններն անտեսելու համար։

Այս միջադեպը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում և ԶԼՄ–ներում։ Հայկական սեգմենտում անգամ սկսել են հայտնվել խորհուրդներ, թե ինչ պետք է անեն հայերը Բաքվի օդանավակայանում հայտնվելու դեպքում։

Մասնավորապես, նշվում է, որ Հեյդար Ալիևի օդանավակայանում շատ որակյալ Wi-Fi կա և կարելի է անհապաղ կապվել Հայաստանի պետական մարմինների հետ, մասնավորապես՝ ԱԳՆ-ի կամ ԱԱԾ-ի հետ։ Հարկավոր է նաև հիշել, որ իրավիճակը արտառոց է ոչ միայն ճակատագրի բերումով Բաքվի օդանավակայանում հայտնված հայերի, այլև ադրբեջանցիների համար, այնպես որ անհրաժեշտ է պահպանել հանգստություն և չսրել իրավիճակը։–0–