12 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար. դատարանը վարույթ է ընդունել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գույքի բռնագանձման հայցը

17.02.2026, 11:16
Հայցադիմումով նախատեսվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մեծ ծավալի շարժական և անշարժ գույք, ինչպես նաև միլիարդավոր դրամների հասնող միջոցներ
12 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար. դատարանը վարույթ է ընդունել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գույքի բռնագանձման հայցը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Դատարանը վարույթ է ընդունել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գույքի բռնագանձման հայցը։

Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։

Այս անգամ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ և ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանն ու նրա ընտանիքի անդամները։

Հայցի հասցեատերերը Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել բռնագանձում իրականացնել ոչ միայն Վահե Հակոբյանից, այլև նրան փոխկապակցված 7 անձանցից, այդ թվում՝ կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, եղբորից՝ Կարեն Հակոբյանից և վերջինիս ընտանիքի անդամներից (կնոջից, դստրերից), նախկին պաշտոնյայի ծնողներից։

Հայցադիմումով նախատեսվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մեծ ծավալի շարժական և անշարժ գույք, ինչպես նաև միլիարդավոր դրամների հասնող միջոցներ։

-Գույք և տրանսպորտ.

-9 անշարժ գույք և 3 տրանսպորտային միջոց։

-Բաժնեմասեր և արժեթղթեր.

-Մասնակցություն մեկ իրավաբանական անձում,

-741 հազար ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր և 240 հազար ԱՄՆ դոլարի ավանդներ։

-Դրամական միջոցներ.

-Շուրջ 122.6 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունք և ավելի քան 4.5 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

- Չհիմնավորված եկամուտներ.

Լրացուցիչ 2.8 միլիարդ դրամ, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում օրինական եկամուտներով և ենթակա է բռնագանձման որպես ապօրինի ծագում ունեցող գումար, որը հնարավոր չէ նույնականացնել կամ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի։

Վահե Հակոբյանը, որը երկար տարիներ զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, հայտնվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում իրականացվող մեծածավալ գործընթացների տիրույթում։