1–ամյա փոքրիկը եղել է մթագնած գիտակցությամբ, ունեցել է հաճախաշնչություն․ նրան բերել էին Գորիս ոչ ավանդական բժշկական մեթոդների կիրառման համար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Գորիսի ԲԿ–ի տնօրինությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով չվտանգել երեխաների առողջությունը և չկիրառել ոչ ավանդական բժշկության մեթոդներ։
Ինչպես հայտնել են ԲԿ–ից, մի քանի օր առաջ երեկոյան, ծայրահեղ ծանր վիճակում Գորիսի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ 1 տարեկան 8 ամսական Կ.Դ.-ն` հաճախասրտությամբ, հաճախաշնչությամբ, տնքոցներով, մթագնած գիտակցությամբ։
Պարզվել է, որ փոքրիկին Մասիս քաղաքից Գորիս են բերել ոչ ավանդական բժշկական մեթոդների կիրառման համար (չոփչու մոտ)։ Գորիսում երեխայի վիճակը վատ լինելու պատճառով հարազատները տեղափոխել են Գորիսի ԲԿ։
Շտապ կարգով կատարվել է համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտություններ, նեղ մասնագետների և Երևանի համսպատասխան բժիկների խորհրդատվություն։ Ախտորոշվել է ծանր աստիճանի ջրազրկում, լյարդաբորբ, անեմիա, շնչառական անբավարարություն։
Համապատասխան բուժումից և վիճակի կայունացումից հետո փոքրիկը Գորիսի ԲԿ ֊ի շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ` ախտորոշումը ճշտելու և բուժումը շարունակելու համար։
Գորիսի ԲԿ-ի տնօրինությունը հորդորում է չվտանգել ազգաբնակչության առողջությունը, չկիրառել ոչ ավանդական բժշկության մեթոդներ (հեքիմներ, չոփչի, սնղչի և այլն) և կոչ է անում որևէ հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում դիմել բժիշկ մասնագետների։