Սկսվել է ռուսական զենքի մատակարարումը Հայաստան. ՀՀ վարչապետ

22.05.2016, 11:10
Հայաստանի համար ռուսական սպառազինության մատակարարումն արդեն սկսվել է։
Սկսվել է ռուսական զենքի մատակարարումը Հայաստան. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի համար ռուսական սպառազինության մատակարարումն արդեն սկսվել է։ Այն իրականացվում է 200 մլն դոլարի չափով ռուսական էքսպորտային վարկի միջոցներով, շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Գործընթացն ընթանում է` ըստ պլանի։ Որևէ խնդիր չկա, գործընթացը սկսվել է», – նշեց Աբրահամյանը։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, քննարկվե՞լ է այդ թեման ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի ժամանակ` Աբրահամյանն ասել է. «Մենք միշտ օգտագործում ենք առիթը»։

Ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել Երևանին մինչև 200 մլն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին, որը հատկացվում է 10 տարով, վճարի տարկետմամբ` մինչև 2018 թ.–ի սկիզբը։–0–