Շարքային Հարություն Բադալյանն արժանացել է «Մարտական խաչ» շքանշանին

30.04.2016, 18:58
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
 Շարքային Հարություն Բադալյանն արժանացել է «Մարտական խաչ» շքանշանին

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով զինծառայողին և նրա ծնողներին հայրենիքին նվիրված զավակ դատիարակելու համար` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ «ողջ ժողովուրդն է հպարտանում մերօրյա հերոսների սխրանքով»։

Նրա խոսքով` շարքային Հարություն Բադալյանի ու նրա նման տղաների օրինակը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ հայկական զինուժ իր պատրաստվածությամբ, զինծառայողների բարոյահոգեբանական բարձր մակարդակի և մարտական ոգու շնորհիվ պատրաստ է յուրաքանչյուր վայրկյան ճնշել հակառակորդի ցանկացած գործողություն:–0–