Պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը «Նովոստի–Արմենիա» բրենդի նկատմամբ ընթերցողների վստահության հիմքն են
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Մեդիա արտադրանքի մշակումն ու սպառումն այսօր զգալի տեղ են զբաղեցնում համաշխարհային տնտեսության և գրեթե յուրաքանչյուր մարդու ժամանակի բաշխման մեջ։ Որպեսզի կարողանանք կողմնորոշվել, թե ինչ է կատարվում, կարևոր է վստահել այն աղբյուրին, որը մեզ տեղեկատվություն է տրամադրում: Երբ վստահությունն արդարացվում է տարիների ընթացքում, մշակվում է տեղեկատվական բրենդ:
Երկար տարիներ հենց նման տեղեկատվական բրենդ է «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը։
Ստեղծվելով որպես փոքր տեղական լրատվամիջոց՝ գործակալությունը շատ արագ ձեռք բերեց կարևոր տեղեկատվական ռեսուրսի ամուր կարգավիճակ, ինչն առաջացրեց համաշխարհային խոշորագույն մեդիաների հետաքրքրությունը։ Պատահական չէ, որ այնպիսի հսկաներ, ինչպիսին, մասնավորապես, Reuters-ն է, «Նովոստի–Արմենիա»–ի իրավահավասար բիզնես գործընկերների թվում է։
Հաջողության գլխավոր գաղտնիքներից է «Նովոստի-Արմենիա» գործակալության հիմնադիրներ և անփոխարինելի ղեկավարներ Գալինա Դավիթյանի և Կոնստանտին Պետրոսովի պատասխանատվությունն ու բարձր պրոֆեսիոնալիզմը։ Արդեն տասնինը տարի է, ինչ նրանք իրենց հարազատ գործակալության նավը վարում են անսպառ մեդիա ծովի բոլոր փոթորիկների միջով՝ դառնալով Հարավային Կովկասի տեղեկատվական տարածության կարևոր բաղադրիչը։
Հիմնադրման օրից գործակալության տարբերվող առանձնահատկությունն է տեղեկատվական պրոդուկտի արտադրության բարձր տեխնոլոգիականությունը, որը գոյության տարիների ընթացքում ապահովում է սպառողների լսարանի մշտական հետաքրքրությունը և գործընկերների ուշադրությունը: «Նովոստի–Արմենիա»-ն առաջինն էր, որ հայաստանյան մեդիա շուկայում ներկայացրեց բազմաթիվ մեդիա պրոդուկտներ՝ դառնալով շուկայի անվիճելի առաջատարը կոնվերգենտ լրագրության և լրատվամիջոցների մուլտիմեդիոն գործունեության մեջ:
Գործակալությունը հատուկ տեղ է զբաղեցրել և շարունակում է զբաղեցնել ոլորտի կադրերի պատրաստման բնագավառում։ Տասնյակ հայտնի լրագրողներ և լրատվամիջոցների ղեկավարներ անցել են Պետրոսովի և Դավիթյանի դպրոցը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության զարգացումը տեղի է ունենում երկրի և ամբողջ աշխարհի համար բարդ ժամանակաշրջանում։ Բայց և՛ պատերազմի, և՛ խաղաղության օրերին վստահությունը գործակալության կողմից մշակվող և ներկայացվող տեղեկատվության նկատմամբ շարունակում է բարձր մնալ: Մաղթում եմ, որ գործընկերներս շարունակեն երկար տարիներ արժանապատվորեն կրել որակի նշանը՝ պատասխանատու լինելով իրենց անվերջ տեղեկատվական ժապավենի յուրաքանչյուր բառի համար։
Ալան Կասաև – պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ նախագահին առընթեր Ազգային տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի փորձագետ.

